ԿարևորՏնտեսական

Երևանի հիվանդանոցները գերծանրաբեռնված են, մարզերինը` թերբեռնված. Ոլորտի 2011թ-ի պետական բյուջեի կատարողականը` Դերենիկ Դումանյանի վերլուծությամբ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովները շարունակում են քննարկել 2011թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունները: Առավոտյան կայացած առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց առողջապահության մասով իրականացված ծախսերը և ոլորտում տիրող իրավիճակը:

Անցյալ տարի առողջապահության ոլորտին պետական բյուջեից հատկացվել է 66 մլրդ 640 մլն դրամ, կատարողականը կազմել է 95,64 տոկոս: Այս հաշվարկները պատգամավորների դատին ներկայացրեց երկրի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա հավաստիացման, ոլորտի ֆինանսավորման հետ կապված հաշվետու ժամանակաշրջանում որևէ խնդիր չի եղել:

Նախարարության կողմից 2011 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 62 ծրագիր: Թեպետ այն ժամանակ առողջապահության նախարարը Հարություն Քուշկյանն էր, ոլորտի հաշվետությունը ներկայացրեց գործող նախարար Դերենիկ Դումանյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է ընթացիկ տարվա հունիսի 16-ին: Նա նշեց, որ առողջապահությանն ուղղված բյուջետային հատկացումները կազմել են ՀՆԱ-ի 1,6 տոկոսը, իսկ ծախսային մասի 5,9 տոկոսը: Միևնույն ժամանակ նախարարը արձանագրեց, որ հիվանդների բուժման համար մեր երկրում հատկացվում է բավականին քիչ միջոցներ:

«2011 թվականին մեր երկրում մեկ հիվանդի բուժման համար հաշվարկված է եղել 19 հազ 300 դրամ: Համեմատության համար ՌԴ-ում տրամադրվել է հարժեք 130 հազար դրամ, Էստոնիայում` 400 հազար դրամ, Գերմանիայում ` 1,3 մլն դրամ»:

Ներկայացնելով ոլորտի արդի վիճակը, Դերենիկ Դումանյանը նշեց, որ մարզերում գործում է 12 հիվանդանոց և 50-ից ավել ամբուլատորիա: Ըստ նրա, շատ մարզային հիվանդանոցներ իրենց տեխնիկական հագեցվածությամբ չեն զիջում մայրաքաղաքի բուժհիմնարկներին: Այնուամենայնիվ, մարզերի բնակիչները շատ հաճախ շարունակում են նախընտրել բուժվել մայրաքաղաքում: Այդ իսկ պատճառով առաջնային օղակում բյուջետային գումարների 40 տոկոսը ուղղվել է մարզեր, 60-ը` մայրաքաղաք: Ստացիոնար բուժման պարագայում մայրաքաղաքի առավելությունը ավելի համոզիչ է դառնում` 30 տոկոս`մարզերին, 70 ` մայրաքաղաքին:

Մարզերում առկա է և կադրերի լուրջ պակաս: Ըստ նախարարի` կա 259 թափուր աշխատատեղ: Բժշկական համալսարանի մոտ 400 շրջանավարտներից միայն 30-ն է հաջողվել համոզել մեկնել մարզեր աշխատանքի: Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում մարզերի ղեկավարության հետ մեկնող բժիշկների կենսապայմանները ապահովելու համար, մասնավորապես, բնակարանի տրամադրման կամ դրա վարձի հատուցման հարցերում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դերենիկ Դումանյանը հերքեց իր կուսակից պատգամավոր Մանվել Բադեյանի պնդումները, որ դեղորայքի 80 տոկոսը կեղծված է: Դեղորայքի շուկան, ըստ նախարարի, վերահսկվում է պատկան մարմինների կողմից, սակայն առկա այսպես կոչված պայուսակային ներկրումը ` փոքր խմբաքանակներով, փաստացի կարգավորված չէ: Այս ճանապարհով է որ շատ հաճախ հայտնում են անորակ, ժամկետանց և անարդյունավետ դեղամիջոցները:

Թողնել պատասխան

Back to top button