Կարևոր

Սպարապետ.«Եթե ազգը չունենա 500 նվիրյալ, դատապարտված է կործանման» . «Արծիվ-մահապարտներ» ջոկատը 20 տարեկան է

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

«Արծիվ մահապարտներ» ջոկատը 20 տարեկան է: Ուղիղ 20 տարի առաջ հենց այս օրերին, նրանք կենաց մահու պայքար էին մղում: Հենց նրանց` հայրենապաշտ մահապարտների շնորհիվ էլ, ազատագրվեցին վտանգված ու ռազմավարական նշանակության Գանձասարի ու Մարտակերտի բարձունքները` թույլ չտալով թշնամուն մի քայլ անգամ անել դեպի Ստեփանակերտ բացվող ճանապարհով: Տարիներ անց, նրանց մարտական ոգին չի նվաղել, այն շարունակվում է իրենց սերունդների` որդիների ու թոռների մեջ: «Այսօր էլ, եթե հարկ լինի, զորագունդը կմեկնի մարտի դաշտի ամենաթեժ կետերը»,- հիշելով մարտական անցած ուղին վստահեցրել է «Արծիվ-մահապարտներ» միության նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

 

Եթե ազգը չգտնի 500 նվիրյալ` 300 միլիոնանոց ազգ լինի, թե 5 միլիոնանոց, դատապարտված է կործանման: Փառք Աստծո, որ մեր մեջ գտնվեցին նման մարդիկ:Ադրբեջանին դա չհաջողվեց անել¸ որովհետեւ նրանք չունեին ոգեղենը, նպատակին հասնելու մղումը, այն գաղափարը, որ հայրենիքն ամեն ինչից վեր է:

Վազգեն Սարգսյան

1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշենի անկումից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը գիտակցելով , որ Արցախին նոր ուժ է հարկավոր, կարգադրում է այսօր արդեն «Արծիվ-մահապարտներ» միության նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանին կենտրոնացնել ուժերը` չդատարկելով սահմանները, ապա որոշում է կայացնում դիմել ազգի օգնությանը:

Նրա կոչով միայն Արծիվ-մահապարտներում հավաքվեցին 372 զինվոր¸ ամենակրտսերը` Ճուտը 16.5 տարեկան էր, ամենամեծահասակը`53 տարեկան: Երբ Վազգեն Սարգսյանը խորհուրդ է տալիս 53 ամյա մահապարտին գնալ եւ իր թոռներով զբաղվել, զինվորը պատասխանում է. «այստեղ են իմ թոռները ես նրանցով պետք է զբաղվեմ»: Բոլորը մեկ մարդու պես գիտակցում են, որ մարտի են գնում ամենաթեժ կետեր, որտեղ ապրել-մեռնելու հավանականությունը համակշիռ էր, հիշում է Աստվածատուր Պետրոսյանը, ով մեկ առ մեկ ներկայացնելով ասուլիսին ներկա գտնվող մարտիկներին ասաց.«372 անդամներից 108 –ը ծանր վիրավովեցին, 33-ին կորցրեցինք¸ եւ դա լավ էր: Մեզ ասում էին դա մսաղաց է, չեք վերադառնա, բայց ոգեղենը կար, կարողացանք պահպանել կարեւոր կետերը: Թշնամին կրեց մեծ կորուստներ, եւ այստեղից սկսվեց մեր հաղթանակների ուղին»:

Կրկին հիշելով Վազգեն Սարգսյանին՝ Աստվածատուր Պետրոսյանը պատմեց, որ երբ զորագունդը տոնում էր ստեղծման 5 տարին, Վազգեն Սարգսյանը ասում է. «Մենք տեսանք, որ մահապարտներն արեցին ամեն ինչ, ազգի սերուցքն եք: Եթե ազգը չգտնի 500 նվիրյալ` 300 միլիոնանոց ազգ լիներ, թե 5 միլիոնանոց, դատապարտված է կործանման: Փառք Աստծո, որ մեր մեջ գտնվեցին նման մարդիկ:Ադրբեջանին դա չհաջողվեց անել¸ որովհետեւ նրանք չունեին ոգեղենը, նպատակին հասնելու մղումը, այն գաղափարը, որ հայրենիքն ամեն ինչից վեր է»:

Աստվածատուր Պետրոսյանն ասաց,  որ այսօր էլ մեր բանակը տարածաշրջանում լավագույն բանակներից  է։ Դա ցույց տվեցին վերջին զորավարժությունները: Ռազմական արվեստին մեր երկրում տիրապետում է 575 հազար մարդ, այդուհանդերձ, մեզ տարածաշրջանը բավարար չէ, մենք պետք է դառնանք եվրապական լավագույն բանակներից մեկը, այնպես, ինչպես նախանշում էր Վազգեն Սարգսյանը, ասաց «Արծիվ-մահապարտներ» միության նախագահը։

Մահապարտ արծիվները այսօր էլ կմեկնեն ճակատ, նույն գիտակցումով: Նրանց գործն այսօր շարունակում են իրենց որդիները, ովքեր դժվար պահերին կրկին կմիավորեն իրենց ուժերը` հայրերի ու պապերի երգով:

Համեստ հերոսները լուռ էին. լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ են հաղթանակ տարած մարտիկների աչքերը տխուր, անկեղծ խոստովանեցին. «Մեր կորցրած ընկերներին հիշեցինք»:

Հավելենք¸ որ երկու օր անց, զորագնդի անդամները կմեկնեն Արցախ` Քարվաճառի շրջան, որտեղ կհիմնեն «Արծիվ մահապարտներ» զորագնդի անունով ավան:

Թողնել պատասխան

Back to top button