ԿարևորՔաղաքական

Եվրամիությունը Հայաստանին 43 մլն եվրո կտրամադրի հերթական բարեփոխումների համար

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հայաստանյան այցի շրջանակներում նախ մասնակցել է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը նվիրված սեմինար-համաժողովին, ապա ժամեր անց արդեն կառավարության շենքում հանրապետության վարչապետի հետ համատեղ ասուլիսում պատասխանել լրագրողների հարցերին:

 

Հայաստանի կողմից սեփական վիթխարի ներուժի իրացումը պայմանավորված է կայունության և կանխատեսելիության ապահովմամբ, որին կարելի է հասնել միայն հակամարտության վտանգը վերացնելու միջոցով 

 Շտեֆան Ֆյուլե

Շտեֆան Ֆյուլեը եւ Տիգրան Սարգսյանը նախատեսված մամուլի ասուլիսին ներկայացան մեկ ժամ ուշացումով: Դա Եվրամիության հանձնակատարը բացատրեց կարեւոր եւ բովանդակալից քննարկումներով: Ապա հաջորդեց նրա հայտարարությունը, որով հաստատեց` Եվրամիությունը Հայաստանին 43 մլն եվրո օժանդակություն կտրամադրի: Այս նպատակով կառավարության ղեկավարի հետ կնքվել է 2 համաձայնագիր:
Եվրամիությունը, ինչպես հայտնի է, մեր երկրին ֆինանսական օժանդակությունը տրամադրում է more for more/ավելի ավելիի դիմաց՝ ավելի մեծ օժանդակություն առավել լուրջ զարգացումների դիմաց պայմանավորվածությամբ:
Շտեֆան Ֆյուլեն փոխանցեց Եվրամիության դրական գնահատականը եվրոպական արժեքների ճանապարհին Հայաստանի արձանագրած բարեփոխումների առնչությամբ: Հայաստանը ցուցաբերում է քաղաքական կամք, Եվրամիությունն էլ գնահատում է դա:
Ինչի՞ն պետք է ուղղվի աջակցության հերթական փաթեթը: Եվրամիությանը հայաստանյան հաստատությունների  քաղաքական ասոցացմանը եւ տնտեսական ինտեգրմանը, ազգային ամենահրատապ հարցերի լուծմանը, նշեց Ֆյուլեն` ընդգծելով` համաձայնագիրը իրական լուրջ լծակներ է տալու Հայաստանին:
Հետագա բարեփոխումների ճանապարհին եւ հետագա օժանդակության համատեքստում Եվրամիությունը Հայաստանի առջեւ որոշ պայմաններ է դնում` դրանք նաեւ հայաստանյան ընդդիմության հետ քննարկման դնելուց հետո: ԵՄ-ն,

մասնավորապես, ակնկալում է Հայաստանում տեսնել ընտրական բարեհաջող գործընթացներ` հատկապես առաջիկա նախագահական ընտրությունների շեմին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն առավել հստակ մատնանշեց այն ոլորտները, որտեղ սպասվում են հետագա փոփոխությունները Եվրամիության աջակցության միջոցներով` ենթակառուցվածքներ, սանիտարիա եւ ֆիտոսանիտարիա, մաքսային համակարգ, նաեւ ավելի լայն վերցրած` դեմոկտարական ինստիտուտներ:
Հասկանալի է, որ այս բնագավառներում մեր կարողությունները եւ մեր նպատակների միջեւ դեռեւս մեծ ճեղքվածք կա, եւ Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությամբ մենք փորձում ենք հաղթահարել այդ ճեղքվածքը: «Այս փաստաթղթեևրի ստորագրությունը նոր թափ է հավաքելու ԵՄ-ի հետ ինտեգրացման գործընթացներին,- ասաց վարչապետը։»

Հանդիպման առիթը բաց չթողնելով՝ լրագրողները հերթական անգամ բարձրացրին Ադրբեջանի «սաֆարովյան» քաղաքականության դատապարտելիության հարցը: Ֆյուլեն էլ հերթական անգամ տվեց իր դասական պատասխանը` ինքը հարգում է այս հարցի շուրջ հայերի զայրույթը, հարցի հայկական ընկալումը եւս:
Եվրամիությունը հստակ կերպով արտահայտնվել եւ դատապարտել է երեւույթը. ասաց, ապա ամեն դեպքում հավելեց, որ հայաստանյան իր այցի ընթացքում կենտրոնանալու է խաղաղության հասնելու անհրաժեշտության վրա:
Լրագրողների սահմանափակ հարցերից հաջորդն էլ եվրոպական երկրներից Հայաստանին ուղղվող ներդրումների կրճատմանն էր վերաբերում: Եվրոպայում էլ վիճակն առանձնապես փայլուն չէ, հիշեցրեց Ֆյուլեն:
Ճգնաժամը ներդրումների կրճատման վրա էլ է տարածվում: Իրավիճակն էականորեն կարող է փոխվել, երբ Հայաստանը Եվրամիության աջակցությամբ նաեւ իր երկրում գործարար մթնոլորտն ու ներդրումների համար անհրաժեշտ միջավայր ապահովի, ընդգծեց Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button