ԿարևորՔաղաքական

Սփյուռքին համոզել են. նպատակը փող ստանալը չէ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովում այսօր շարունակվել են 2011 թ. պետական բյուջեի կատարողականի  քննարկումները: Նախորդ տարվա ընթացքում բյուջեից ստացած և ծախսած գումարների մասին այսօր հաշվետվություն են ներկայացրել կրթության ու մշակույթի ոլորտի պատասխանատուները:

Վերջին 3 տարում 600 ընտանիք է հաստատվել Հայաստանում։ Խոսքը սիրիահայերի մասին չէ: «Արի տուն» ծրագրի երիտասրադներից 10- ը ամուսանցել են, մոտավորապես 50-ն էլ սովորում են մեր բուհերում:

Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի նախարարությունը 2011թ պետբյուջեից ստացած   453 մլն դրամը 100 տոկոսով չի իրացրել: Ըստ նախարար Հրանուշ Հակոբյանի՝ որոշ խնայողություններ գոյացել են գնումների ընթացքում, որոշներն էլ    թափուր հաստիքների առկայության արդյունք են:

2011-ին  նախարարությունը Համահայկական  համաժողով է կազմակերպել , որին  մասնակցել է Սփյուռքի  557 կազմակերպություն, «Արի տուն» ծրագրի հերթական փուլն է իրագորվծել, սկսվել է էլեկտորնային թանգարանի ու էլ.գրադարանի հիմնումը։

Անձամբ նախարարը 2011-ի ընթացքում 11 գործուղում է ունեցել և ամսվա մեջ միջին հաշվով 3 օր եղել արտասահմանում: Հրանուշ Հակոբյանի կարծիքով ՝ այդ  այցելությունները շարժ ու ոգևորություն են առաջացնում Սփյուռքի կառույցներում: Ամենակարևորը, ըստ նախարարի , գերատեսչությունը կարողացել է համոզել, որ իր նպատակը Սփյուռքից փող ստանալը չէ:

Այս ամենի արդյունքում քանի՞ մարդ է Հայաստան տեղափոխվելու որոշում կայացրել՝ նախարարին հարցրեց դաշնակացական Արծվիկ Մինասյանը:

«Հստակ թիվ հայտարարել չեմ կարող, բայց վերջին 3 տարում 600 ընտանիք է հաստատվել Հայաստանում։ Խոսքը սիրիահայերի մասին չէ: «Արի տուն» ծրագրի երիտասրադներից 10- ը ամուսանցել են, մոտավորապես 50-ն էլ սովորում են մեր բուհերում»:

Մենք ընդամենը անցյալ տարի ենք անցել 12-ամյա կրթակարգին: Այս համակարգի ձախողման, տապալման մասին բոլոր գնահատականները ժամանակավրեպ են: 12-ամյա կրթակարգը այլընտրանք չունի, իսկ խնդիրները, որ պետք է լուծվեն, միայն մասնագիտական քննարկումների առարկա են:

Արմեն Աշոտյան

Կրթության եւ գիտության նախարարությանը 2011թ. պետբյուջեից  հատկացվել է  մոտ  106 մլրդ դրամ: Կրթական ծախսերը, ըստ նախարարի, կատարվել են  99 տոկոսով: Հիմնականը  նախարարը համարեց 125 համայնքներում նախակրթարաններ հիմնելու ծրագիրը, իսկ հանրակրթության ոլորտում՝  անցումը տասներկուամյա  կրթակարգին:

«Ուզում եմ շեշտել, որ մենք ընդամենը անցյալ տարի ենք անցել 12-ամյա կրթակարգին: Այս համակարգի ձախողման, տապալման մասին բոլոր գնահատականները ժամանակավրեպ են: 12-ամյա կրթակարգը այլընտրանք չունի, իսկ խնդիրները, որ պետք է լուծվեն, միայն մասնագիտական քննարկումների առարկա են»:

Նախարարը համաձայն է, որ դպրոցական ծրագրերն ու դասագրքերը վերանայման ու լուրջ մշակման կաիք ունեն: Համաձայն է նաև տեսակետին, որ դպրոցում ու բուհում կոռուպցիայի դեմ պայքարի ՕԳԳ-ն  ցածր է:

«Օրինակ,  դրամահավաքը, թիվ մեկ  խնդիրն է դպրոցներում: Սա մի մոնստր է դարձել, որի հետ որքան պայքարում ես, այնքան աճում է»:

1400 դպրոցներից 1150-ի տնօրենները Հանրապետական կուսակացության  անդամներ են՝ այս հարց- մտահոգությունն էլ նախարարին ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը փոխանցեց: Մեր դպրոցներն ապակուսակցական են՝ ի պատասխան նշեց նախարարը:

«Որևէ օրենք չի արգելում ուսանողներին, տնօրեններին, ռեկտորներին լինել այս կամ այն կուսակացության անդամ: Նման  մեկնաբանությունները համարում եմ ոչ իրավական ու ոչ ազատական»:

Բացի այդ, ըստ Աշոտյանի, նախարարության վիճակագրությունը կուսակացկան տնօրենների վերաբերյալ տարբերվում է Արամ Մանուկյանի ներկայացրած տվյալներից: Ըստ նախարարության վիճակագրության՝ հանրապետական տնօրեններն ավելի քիչ են:
Եվ վերջապես, Աշոտյանի խոսքով,  հանրապետական լինելը դպրոցների տնօրենների համար պարտավորեցնող է, քանի որ ստիպում է լավ աշխատել:

Թողնել պատասխան

Back to top button