Մշակույթ

«Կինոաշունն» այս տարի նվիրված է Համո Բեկնազարյանի 120 ամյակին

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 28-ից կմեկնարկի «Կինոաշուն -2012» ազգային կինոյի ամիս» արդեն ավանդական դարձած միջոցառումը¸ որր Ազգային կինոնկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով` նպատակ ունի հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրությունների բարի ավանդույթը եւ վերականգնել կինոյի տարածման բոլոր այն խողովակներն ու միջոցները, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականներին: Ազգային կինոկենտրոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ այս անգամ նվիրվում է կինոյի վարպետ Համո Բեկնազարյանի ծննդյան 120-ամյակին:
Համո Բեկնազարյանի ստեղծած առաջին հայկական հնչունային «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ երկու օր անց Արմավիր քաղաքում կմեկնարկի ավանդական «Կինոաշունը»: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն այսօր տեղեկացրեց,¸որ կինոաշունի շրջանակներում տարբեր արխիվներից գտնվել ու թվայնացվում են Համո Բեկնազարյանի բոլոր 18 ֆիլմերը: Սա լավ առիթ է հանրությանը ներկայացնել նաեւ նրա ոչ այնքան հայտնի գործերը:

«Կլինեն նաեւ այնպիսի ֆիլմեր¸ որտեղ Համո Բեկնազարյանը խաղում է: Բոլոր տեղերում` մարզերում, թե Երեւանում,¸որտեղ որ ուզենաք ֆիլմերի ցուցադրությունը կլինի անվճար»:

«Բեկնազարովը եւ ժամանակը» խորագրով գիտաժողով էլ կանցկացվի Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Բացի այդ՝ «Նաիրի» կինոթատրոնում տեղի կունենան թեմատիկ եւ հետահայաց ցուցադրություններ, Դմիտրի Քյոսայանցին նվիրված գրքի շնորհանդես,  Լաերտ Վաղարշյանի եւ Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 90 եւ 75- ամյակներին նվիրված հոբելյանական երեկոներ:

«Շատ լավ նախաձեռնություն է, մենք շատ ուրախ ենք, որ տարեցտարի հետաքրքրությունը հայակական կինոյի նկատմամբ ավելանում է, մեր առաքելությունն էլ դա է»:

Երեւանի այգիներում կինոաշուն կներկայացվեն նաեւ բացօթյա կինոցուցուցադրություններ, կցուցադրվեն հայկական բոլոր երաժշտական ֆիլմերը: Նշենք որ «Կինոաշուն – 2012»  ազգային կինոյի ամիս» ծրագրին աջակցում է մշակույթի նախարարությունը և այս տարի հատկացրել է 4 միլիոն դրամ:

Կինոաշունն իր դռները կփակի արդեն հոկտեմբերի 28-ին: Փակման արարողությունն ինչպես միշտ տեղի կունենա Երևանում:

Թողնել պատասխան

Back to top button