Հասարակություն

Ադրբեջանա- հունգարական գործարքի դեմ բողոքի երթեր Արցախում

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Բողոքի երթեր են այսօր տեղի ունեցել Արցախում: «Կամք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  հետկեսօրին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու մոտ էին հավաքվել Արցախի երիտասարդական կազմակերպությունների անդամները, տարբեր բուհերի ուսանողները դասախոսների, ավագ դասարանների աշակերտները՝ ուսուցիչների հետ:
Երիտասարդական ակցիան արժանացել էր մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարութայն աջակցությանը:
Քայլերթը նվիրված էր Գուգեն Մարգարյանի հիշատակին, ում ծննդյան 34- րդ տարեդարձը երիտասարդությունը որոշել էր նշել բողոքելով Ադրբեջան -Հունգարիա գործարքի, մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և այդ կապակցությամբ միջազգային հանրության վերաբերմունքի դեմ:
Սբ. Հակոբ եկեղեցում Գուրգեն Մարգարյանի հիշատակին կատարված հոգեհանգստյան արարողությունից հետո երիտասարդները դատապարտող կարգախոսներով շարժվել են Ստեփանակերտի հուշահամալիր:

Նրանց երթն անցել է Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով: Երիտասարդները պարզել էին հայկական երկու հանրապետությունների դրոշները, նաև հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ադրբեջանա-հունգարական գործարքը դատապարտող պաստառներ : Ազգայնականության և անարադարության դեմ կոչեր էին հնչում: Պատանիներն ու աղջիկները կրում էին Գուրգեն Մարգարյանի դիմանկարը:
Հուշահամալիրի մոտ երիտասարդները Ադրբեջանի դրոշն ու Ադրբեջանի նախագահի պատկերով խորհրդանշական կացինն են այրել:
Ստեփանակերտի հուշահամալիրում այդ նույն ժամանակ զինվորական նվագախումբն էր նվագում` խրոխտ պարեղանակներ էին հնչում: Հայկական երկու հանրապետությունների օրհներգերի հնչյունների տակ ծաղիկներ խոնարհվեցին Սումգայիթի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին և հուշահամալիրում:

Թողնել պատասխան

Back to top button