ԿարևորՄշակույթ

Ժամանակակից արվեստի փառատոն`Շուշիում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 1-14 Շուշիում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից արվեստի փառատոնը, որին մասնակցելու են 20 ժամանակակից արվեստագետներ Հայաստանից և Սփյուռքից: Կազմակերպվելու է նաև տեղի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություն: «Շուշի արթ փրոջեքթ» ժամանակակից արվեստի անդրանիկ նախաձեռնության մասին են այսօր խոսել ծրագրի հեղինակները և նշել, որ հաջողության դեպքում ծրագիրը կդառնա շարունակական և կանցկացվի բիենալեի ձևաչափով: Նախագիծն այս տարի անցկացվելու է «Հող և տեխնոլոգիա» կարգախոսով:

Հոկտեմբերի 1-ին Շուշիում կմեկնարկի ժամանակակից արվեստի փառատոնը: Նախագիծը, որին մասնակցելու են 20 ժամանակակից արվեստագետներ Հայաստանից և Սփյուռքից, անցկացվելու է առաջին անգամ: Կազմակերպվելու է նաև տեղի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություն: Ծրագրի մեջ ներառվելու են ժամանակակից արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսանկարչությունը, բացօթյա պերֆորմանսները, վիդեոարթը, լենդ-արթը, ինստալացիան և այլն:

Իր տեսակի մեջ սա արցախյան հողում իրականացվող աննախադեպ միջոցառում է և ինչպես նկատեց «Շուշի արթ փրոջեքթ»-ի համադրող Լիլիթ Սարգսյանը` փառատոնի հաջող անցկացման դեպքում այն կդառնա շարունակական և կանցկացվի բիենալեի ձևաչափով, այն է` 2 տարին մեկ անգամ:

Այսպիսով` մեկնարկային նախագծի խորագիրն է «Հող և տեխնոլոգիա»: «Շուշի արթ փրոջեքթ»-ի նպատակներից է ժամանակակից արվեստի միջոցով Շուշիում տարաբնույթ ներդրումներ կատարելը, բացառիկ պատմամշակութային ստրատեգիական նշանակություն ունեցող այս քաղաքի արժևորումը, միջազգային հանրության, զբոսաշրջիկների արվեստագետների և մշակութային հաստատությունների ուշադրությունը գրավելը:

Ի դեպ` ինչպես հայտնեց «Շուշի արթ փրոջեքթ»-ի նախագահ և նախագծի ղեկավար Հերրի Որբերյանը, նախագիծն իրականացվում է առանց պետական աջակցության:

Թե ինչու որոշվեց որ նախագիծը պետք է իրականացվի հենց Շուշիում, պարզաբանեց «Շուշի արթ փրոջեքթ»-ի անդամ, «Հող և տեխնոլոգիա» կարգախոսի հեղինակ Սամվել Սաղաթելյանը:

Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 14-ը և ամբողջությամբ նկարահանվելու է: Նախագծի ավարտից հետո այն ներկայացվելու է Երևանում` ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Իսկ Շուշիում ստեղծված գործերի մի մասը կնվիրաբերվի քաղաքին:

Թողնել պատասխան

Back to top button