Տնտեսական

Գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և կրթություն. ոլորտներում խնդիրների պակաս չկա

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և կրթություն, երեք ոլորտ, որոնք հետազոտել ու դրանց արդյունքներն այսօր ներկայացրեց Հրայր Մարուխյան հիմնադրամը Գերմանիայի Դաշնության «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ: Երեք ոլորտներում էլ խնդիրների պակաս չունենք:

Դրանք շուտափույթ լուծման կարիք են զգում: Գյուղատնտեսությունում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ 2008-2010 թթ միջին տվյալներով վարելահողերի ու բազմամյա տնկարկների ոչ լիարժեք ու նպատակային օգտագործման պատճառով գյուղացիական տնտեսությունները չեն կարողացել ստանալ շուրջ 193 մլրդ դրամ: Դեռևս ցածր է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, որի հիմնական պատճառը արտադրության ինտենսիվության անբավարար մակարդակն է:

Վերջին տասնամյակում ավելի քան տասը անգամ կրճատվել է հանքային, գրեթե 18 անգամ օրգանական պարարտանյութերի և շուրջ տասն անգամ բույսերի պաշտպանության միջոցների օգտագործումը: Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ՀԲ գյուղացիական հարցերով խորհդատու, հետազոտության հեղինակներից Սամվել Ավետիսյանն ասում է, որ այժմ Հայաստանում գյուղատնտեսությունը իներցիայով է զարգանում՝ կախված եղանակի քմահաճույքներից, մինչդեռ կայուն զարգացման նահրաժեշտություն ունենք:

«Եթե իրական նայենք վարելահողերի 50 տոկոսն այսօր չի օգտագործվում, և սա սակավահող Հայաստանի պայմաններում: Վատ ենք օգտագործում ջրային ռեսուրսները, բավականին մեծ ծավալի ջրաշինարական աշխատանքներ կատարելու պարագայում ոռոգվող տարածքները կրճատվում են: Մենք չունենք այսօր կայուն իրացման համակարգ»:

Հիմնախնդիրները նույնն էին նաև այն ժամանակ, եր Սամվել Ավետիսյանը ոլորտի պատասխանատուներից էր: Զրուցակիցս համամիտ է դիտարկման հետ, սակայն, նաև նշում է, որ նույն խնդիրները կային իրենից առաջ էլ, անգամ խորհրդային տարիներին:

Դրանք լուծելու համար համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ, առաջնայինը ոլորտում լուրջ ներդրումներ կատարելն է. «Հայաստանը մի քանի խղճուկ ծրագրեր է իրականացնում, սակայն, անընդհատ թմբկահարում ենք էդ նույն ծրագրերը, բայց գյուղացին իր կաշվի վրա դրա արդյունավետությունն այդպես էլ չի զգում»:

Հանքադյունաբերությունն ամբողջ աշխարհում է համարվում ամենաշահութաբեր ոլորտներից մեկը: Հայաստանում պղնձի պաշարները շուրջ 6,4 մլն տոննա են կազմում կամ համաշխարհային պաշարների 0,9 տոկոսը: 2010թ տվայլներով Հայաստանում արտարդրվել է երկրի ունեցած պաշարների 0,5 տոկոսը: Վերջին տարիների ընթացքում հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանում զգալի աճ է արձանագրել, 2000թ ընդամենը 15 մլն ԱՄՆ դոլարի ավելացված արժեքից , 2010թ այն կազմել է ավելի քան 235 մլն ԱՄՆ դոլար:

ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, Հանքարդյունաբերությունում հիմնական բեռը դրված է մետաղական արդյունաբերության վրա, այն էլ հումքի տեսքով: Ամբողջությամբ անտեսված է ոչ մետաղական հանքարդյունաբերությունը՝ քարերը, սիլիկատները, որոնք այսօր ժամանակից աշխարհը օգտագործում է, մինչդեռ Հայաստանն ունենալով հսկայական պաշարները՝ դրանք չի օգտագործում:
Ոչ մետաղական հանքարդյունաբերության զարգացումը նաև բնապահպանական խնդիրներ չի առաջացնի,
«հանքարդյունաբերության դիվերսիֆիկացիան է, որպեսզի մենք շատ կախվածության մեջ չլինենք միջազգային շուկայից և հատկապես գներից: Այս ուղղությմաբ է նաև, որ ռազմավարություն առաջարկը հնարավորություն կտա եթե իրագործելի լինի նախ հսկայական ծավալներով մեծացնել պետական բյուջեի եկամուտները, երկրորդը ամրագրել սերունդների՝ պաշարներից համաչափ օգտվելու սկզբունքը, որովհետև այսօր հանքերի անխնա շահագործում է գնում»:

Զրուցակիցս վստահ է,որ ընդերքի պաշարները նաև ապագա սերուդների համար են ու բոլորովին էլ պարտադիր չէ մտածել, որ այն պետք է իրացնի միայն այսօրվա սերունդը՝ վերածելով այլ ակտիվի, որևէ մեկն այսօր չի կարող ասել, որ այլ ակտիվի վերածելը ամենաճիշտ մոտեցումն է: Արծվիկ Միանսյանը կոնկրետ օրինակով է հաստատում իր մոտեցումը.«Եթե տասը տարի առաջ իմանային, որ ոսկու գները նման կտրուկ կբարձրանային, վստահ եմ, որ մեր ռազմավարական պաշար հանդիսացող ոսկին չէր վաճառվի: Նույնը վերաբերում է նաև այսօրվա ընդերքի օգտագործմանը: Մենք իրավունք չունենք ընդերքը նման ձևով շահագործելու»:

Կրթության ու գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության գլխավոր մասնահգետ Թամարա Զալինյանը «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում II» հետազոտությունում ուսումնասիրել է ուսուցիչների սոցիալական պաշտպանվածությունը: Նա ասում է, որ պետությունն այսօր մտածում է ուսուցչի մասին, օրինակ, աշխատավարձն է բարձրացրել, մյուս կողմից բարեփոխումների մի բաղադրիչը երբեմն հակասում է մյուսին:

«Ուսուցիչը որպես երեխայի կրթության հիմնական գործող անձ, դառնում է հենց այն շարժիչ ուժը, ով իր ուսերի վրա է տանում բոլոր բարեփոխումները: Այս տեսակետից ուսուցչի վիճակը շատ բարդ է»:

Խնդիրները բոլոր ոլորտներում շատ են: Առաջարկվող լուծումների պակաս էլ չի նկատվում: Երևի թե արդեն ժամանակն է, որպեսզի համապատասխան մարմինները երբեմն նաև ընդդիմախոսների կարծիքների հետ հաշվի նստեն:

Թողնել պատասխան

Back to top button