Մշակույթ

Այսօր Մեծն Կոմիտասի ծննդյան օրն է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, ամբողջ կրծքով շնչում եմ Հայաստանի օդը։ Նրա գեղեցկությունը առինքնում է ինձ տիրաբար և անսանձ։ Երբ լսում եմ Կոմիտասի երաժշտությունը, շոգից ծարաված ճամփորդ եմ դառնում, որ պապակած շուրթերով խմում ու խմում է կարկաչահոս աղբյուրից։ Կոմիտասի երաժշտությունն էլ հենց այդ աղբյուրի պես է. կենարար, մաքուր ու բանաստեղծական։ Կոմիտասը եղել է, կա ու կմնա իմ ամենամեծ ուսուցիչը».Արամ Խաչատրյան։ Այսօր մեծն Կոմիտասի ծննդյան օրն է։

Երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, խմբավար, սրնգահար, մանկավարժ. բեղուն է եղել նրա գործունեությունը։ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ Նա մաքրեց հայ երաժշտությունն օտարամուտ տարրերից և ապացուցեց ողջ աշխարհին, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Լինելով հայ երաժշտության մեծ գիտակ՝ Կոմիտասը ստեղծեց հայ ազգային միաձայն մտածողության և եվրոպական բազմաձայնության ինքնատիպ սինթեզ։ Կոմիատասը զբաղվեց նաև խազերի ուսումնասիրությամբ ու ստեղծեց Պատարագ։

Ողջ պատմական Հայաստանի հազարամյակների խորհուրդը կրող երաժշտությունկը նախ և առաջ նշանակում է Կոմիտաս։ «Կոմիտասը մեզ է փոխանցել հայ ժողովրդի ներքին աշխարհի ամենասուրբ, վեհ, ազնիվ կյանքի կոչող, առողջ ու հզոր բանականության կնիքը կրող շարժումները։ Կոմիտասյան պարզ ու խորը երգերի մեջ են թաքնված մեր ժողովրդի հոգու ամենաբարդ ծալքերը»,-կոմիասագետ Արթուր Շահնազարյանի խոսքերն են, ով մի առիթով նաև գրել էր.«Ժամանակակիցները վկայում են, երբ Մակար Եկմալյանին հիվանդ, խելագարված բերում են Վաղարշապատ, Կոմիտասը գնում է նրան տեսնելու։

«Կարծում էր չի ճանաչի, ավելին՝ ասում էին չի խոսի, կլռի, ինչպես լռել է ուրիշների այցելության ժամանակ։ Մոտ արի, ինձ մոտ արի, վարդապետ, բղավել էր նա սենյակի խորքից, երբ տեսել էր Կոմիտասին, եւ անմիջապես առանց ժամանակ տալու ասել՝ լսել եմ պատարագ ես գրում, գրում ես քոնը, երբ ես իմն ավարտեցի, սպիտակ ձիավորը եկավ, հիմա նորից սպասում եմ։ Շատ եմ հոգնել, սարսափելի հոգնել եմ։ Դու դեռ երկար կթափառես այս աշխարհում, քեզ կխաչեն, հետո կիջեցնեն խաչից ու նորից կխաչեն եւ երբ գրես, ավարտես, երբ ինձ նման հոգնես, կգա։ Նրա ձին ճերմակ չի լինի, ինքը նույնպես, եւ ձին եւ հեծյալը սեւ կլինեն։ Լսիր վարդապետ, երբ գաս ինձ մոտ, ես ու դու ճերմակ ու սեւ ձիեր հեծած այցի կգանք այս աշխարհին, կլսենք իմ ու քո պատարագը։ Համաձայն ես, դե որ համաձայն ես հիմա գնա։ Դրսում ծառերը, հողը, երկնքը պատարագում են։ Գնա, մարդ Աստծո։ Պատարագիչ է պետք , գնա։ Խաչելության փայտը կանգնեցված է, բայց խաչվող չկա։ Գնա»։

1919 ից մինչև 1935 թ Կոմիտասն ապրեց Փարիզի հոգեբուժարանում։ Երբ նրան ակնարկում էին վերադարձի մասին, բացատրում էր, որ մինչև իր տունը նորից չունենա, մինչև իր ընտանիքը նորից չկազմի ամենքին իր շուրջը բոլորալով, չի կարող գործել։ Հոգեբուժարանում նա հաճախ էր հարցնում, թե երգում են իր երգերը։ Փարիզի հայոց թեմի առաջնորդ Վռամշապուհ Քիպարյանի վկայությամբ, երբ բերում է խոստացած տաք հագուստը, Կոմիտասն ասում է.«Իզուր ես բերել, -և տարօրինակ ժպիտը դեմքին ավելացնում.«Թող ողջ մնա իմ ժողովուրդը…ես նրա սրտում չեմ մրսի։ Մեկ ուրիշ անգամ էլ,-դարձյալ պատմում է Քիպարյանը,-երբ ներս մտա ու փաթաթվեցի իմ սիրելի Կոմիտասին, նա տարօրինակ հայացք գցելով վրաս երկու ձեռքով ուսս բռնեց ու ցնցեց՝ ասելով.«Ասա տեսնեմ, անմահ է այն գործը, որի համար ես մեռա»:

Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ գրեթե քսան տարի անցկացնելուց հետո 1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց Կոմիտասի կյանքը։

1936 թվականի նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան եւ հողին հանձնվեց Երեւանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաեւ Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button