Քաղաքական

Նախագահական ընտրություններին 2008- ի դրամատիկ սցենարը չի կրկնվի

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Եկող տարվա նախագահական ընտրություններին չի կրկնվի 2008-ի դրամատիկ սցենարը, այսօր կարծիք է հայտնել դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը: Նա որոշ կանխատեսումներ է արել հնարավոր թեկնածությունների առաջադրման մասին, սակայն հենց սկզբից ասել է, որ անձամբ ինքը չի պատրաստվում առաջադրվել, իսկ կուսակցության մասնակցության ձևաչափը կորոշեն համագումարից հետո:

Ամեն դեռպքում՝ որոշակիացրեց, որ գործող նախագահը մի տարբերություն ունի առաջադրվելիք մյուս թեկնածուների համեմատ. նա կարող է մինչ եկող տարի որոշակի քայլեր անել շտկելու երկրում առկա վիճակը, մասնավորապես՝ կապված կառավարության աշխատանքից ունեցած դժգոհության ու առկա խնդիրները լուծելու առումով:

«Եթե տեսնենք գործ է արվում, կհասկանանք մեր անելիք»,- ավելացրեց դեմկուսի նախագահը:

Հայաստանը արտաքին լրջագույն մարտահրավերների առաջ է, ինչը ազգային անվտանգության հարց է, պետք է քայլեր ձեռնարկել արտագաղթը կանգնեցնելու ուղղությամբ: Սրանք այն կարևոր հարցերի լուծման շրջանակում է, որոնք կարող են կողմնորոշել դեմոկրատական կուսակցությանը: Գաղափարական տեսանկյունից որևէ թեկնածություն չի կարող ընդունելի լինել մեզ համար, նկատեց նա:

Կանխատեսումների շարքից Արամ Սարգսյանը նշեց, որ հնարավոր է նոր անհատներ ի հայտ գան և հստակ ծրագրեր  ներկայացնեն, սակայն առանց թիմի անհնար է հաջողության հասնել:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որպես ընդդիմության միասնական թեկնածու ներկայնալը քիչ հավանական համարեց։ «Շատ կզարմանամ, եթե Ծառուկյանը որպես միասնական ներկայանա: Ավելի հավանական է՝ Ռոբերտ Քոչարյանը լինի»։

ԲՀԿ առաջնորդին միասնական թեկնածու չի պատկերացնում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Թե դեմկուսի նախագահը և թե հանրապետական պատգամավորը համոզված են՝ ընդդիմության առաջնորդներն իրենց հավակնությունների պատճառով չեն կարող միավորվել մեկ միասնական թեկնածուի շուրջը:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button