ԿարևորՔաղաքական

Պետական կառավարման մարմինների ֆինանսավորումը կատարվել է 100%-ով

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովում այսօր շարունակվել են 2011 թ. պետական բյուջեի կատարողականի  քննարկումները: ԱԺ պետա- իրավական  և ֆինանսավարկային ու  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորներն այսօր լսել են նախագահի, կառավարության, Ազգային ժողովի աշխատակազմերի ղեկավարներին, նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին , արդարադատության  նախարարին ու իրավական  ոլորտի այլ գերատեսչությունների ու աշխատակազմերի ղեկավարների:

2011 թ. պետբյուջեից  նախագահի աշխատակազմին հատկացվել է 3 միլիարդ 625 միլիոն դրամ, կառավարությանը ՝ 28 մլրդ 635 մլն դրամ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմին՝  մոտ 2 մլրդ  700:

Ի դեպ, խորհրդարանին վերաբերող բյուջետային տողը հետաքրքիր ձևակերպում ունի և կատարողականում նշվում է այսպես՝  ԱԺ  աշխատակազմի  և  պատգամավորների պահպանության համար:  Ձևակերպումը նախ տարակուսանքի առիթ տվեց ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանին՝ արդյո՞ք բյուջեի գումարները հատկացվում են նաև պատգամավորի պահպանության համար: Ընդդիմադիր պատգամավորը կառավարության ներկայացուցչի հաստատական պատասխանը ստացավ:

 «Պատգամավորների պահպանման» թեման ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը շարունակեց՝ կա՞ն արդյոք բյուջետային միջոցներ պատգամավորների նյարդերի պահպանման համար: Պարզվեց՝ նկատի ունի խորհրդարանի հնացած սարքավորումները: Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի ներկայացրած տվյալների՝ 2011-ին  Ազգային ժողովն ընդամենը երկու տպիչ է գնել նիստերի դահլիճի համար, այլ սարքավորումներ չեն գնվել ու նախատեսված էլ չեն եղել:

Նույն «պատգամավորների պահպանում»   ձևակերպումը դաշնակցական Արծվիկ Մինասյանին ստիպեց մտածել նոր օրենսդրական նախաձեռնության մասին:
«Պահպանման տեսակետիւց թերևս ինչ-որ գումար պետք է հատկացվի ուղիղ պատգամավորին: Կարելի է մտածել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին»,- ասաց նա:

ԱԺ պետաիրավական  և ֆինանսավարկային ու  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա ընթացքում բյուջեից ստացած և ծախսած գումարների մասին այսօր հաշվետվություն ներկայացրին  նաև  դատաիրավական ոլորտի պատասխանատուները: Կատարողականը գրեթե բոլոր դեպքերում մոտ 100 տոկոս է:

ՀՀ արդարադատության նախարարությանն, օրինակ,  հատկացվել է մոտ 13 մլրդ դրամ, կատարողականը 100 տոկոսից փոքր-ինչ ավելի է ՝ ի հաշիվ ոչ բյուջետային ֆինանսական  հատկացումների: Ծախսերի հիմնական մասը  ուղղվել է դատաիրավական բարեփոխումներով նախատեսված միջոցառումներին ՝ դատարանների նոր շենքերի, նաև քրեակատարողական հիմնարկների կառուցում:
Ըստ նախարար Հրայր Թովմասյանի՝ «հաջորդ տարվա կեսերին շահագործման կհանձնվի Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 400 տեղանոց մեկ կորպուսը»:

Արծվիկ Մինասյանի հետաքրքրում էր,  թե որքանով է հաջողվել բարելավել քրեակատարողական համակարգի պայմաններն ընդհանարպես և  նվազեցնել օրինակ գերբնակեցումը:

«Էականորեն մեծացել է զբաղվածության թիվը ՝ մոտ 20-30 տոկոսով: Մոտ 30-40 տոկոսով ՝ նվազել են մահացության ցուցանիշները: Անցած տարի չեն եղել սպանության և փախուստի դեպքեր: Բայց հիմնական պրոբլեմները քրեակատարողական հիմնարկում շարունակում են մնալ»,- նկատեց նախարարը:
Ի դեպ, հերթով բոլոր կառույցների հաշվետվությունները ծախսերի, գերածախսի ու թերածախսի մասին  լսելուց հետո ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանի մոտ հարց առաջացավ.  խորհրդարանը լսում է հաշվետվությունները, բայց չունի տեղեկատվություն այն մասին, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվել գումարները:

«Քանի որ ուսումնասիորթւունները ցույց են տալիս, նաև Վերահսկիչ պալատի, որ պետական կառույցները լավ ծախսում են, բայց այդ ծախսերի տակ լուրջ բաներ են թաքնվում: Գալիս ենք, ֆիքսում ենք՝ 103 տոկոս կամ 97 տոկոս, ու կինոն ավարտվում է»,- ասաց:

Ըստ ֆինանասների փոխնախարար Պավել Սաֆարյանի ՝ կառավարության հաշվետվության մեջ բացի ֆինանսական ցուցանիշներից կան  նաև ոչ ֆինանասկան բնույթի տվյալներ:

Հետևաբար՝ «արդյունավետության մասին կարծիք կազմելու համար պետք է ուշադրություն դարձնել ոչ ֆինանսական ցուցանիշներին»:

Կառավարության ներկայացուցչի պարզաբանումն իր կողմից  լրացրեց  պետա- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա ՝ կառավարության կողմից  տրամադրվող նյութը կատարողականների մասին հաշվետվությունների մասով տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է:http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/09/250912aj.mp3

 

Թողնել պատասխան

Back to top button