ԿարևորՏնտեսական

ՏՄՊՊՀ նախագահը բացատրում է գնաճի պատճառները

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Գուղատնտեսական  ապրանքներով  հարուստ շրջանն աստիճանաբար ավարտվում է, և ինչպես ցույց են տալիս ամենասովորական դիտարկումները, հանրապետությունում կրկին գնաճ է սպասվում: Գրեթե ամեն օր, առևտրի այս կամ այն կետ մտնելիս, որևէ ապրանքի գնային փոփոխության ականատեսն ենք լինում: Ցանկացած ապրանքի թանկացումն առաջին հերթին ազդում է  սոցիալապես անապահով խավի վրա:

Պատկան մարմիններն  ունեն գնաճի հետ կապված իրենց բացատրությունը, համաշխարհային շուկայում են գները բարձրացել : Այստեղից էլ հաջորդ ու տրամաբանական  հարցն է առաջանում. ինչպե՞ս է ստացվում, որ նույն համաշխարհային շուկայում գները բարձրանալիս սպառողն անմիջապես զգում է այն, իսկ նույն այդ շուկայում գները իջնելիս գրեթե չի զգում:

Ամենաշատ օգտագործվող առաջին անհրաժեշտության ապրանքներից մեկի՝ շաքարավազի գնի բարձրացման ու համաշխարհային շուկայում կամ բորսաներում դրա իջեցման հետևաքով հայ  սպառողին նույն՝  բարձր գնով շաքարավազ մատակարարելու  օրինակով խնդիրը պարզաբանում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«Բորսայում գնանշումն անընդհատ փոփոխության է ենթարկվում, և շաքարավազ ներկրող ընկերությունը ներկրում է տարին չորսից հինգ անգամ բավականին մեծ խմբաքանակներով։ Լատինական Ամերիկայի երկրներից և, բնականաբար, միջազգային շուկայի փոփոխությունն անմիջապես չի կարող անդրադառնալ մեր գների վրա»:

Շաբոյանը վստահեցնում է, որ Վրաստանում շաքարավազն ավելի բարձր գին ունի, քան՝ Հայաստանում, հակառակ նրան, որ շաքարավազի հումք հանդիսացող շաքարեղեգը Հայաստան է ներկրվում Լատինական Ամերիկայից Վրաստանի տարածքով ու  տեղափոխվելիս շուրջ 20 տոկոսով կրկին թանկանում է:

Հացի  ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների բարձրացումները գրեթե նույն պարզաբանումներն ունեն: ՏՄՊՊՀ-ն ուշադրության կենտրոնում է պահում նաև վառելիքի շուկան, վստահեցնում է հանձնաժողովի նախագահը: Ուսումնասիրություններ են իրականացնում, որոնց արդյունքների մասին ավելի ուշ կխոսեն:
ՏՄՊՊՀ նախագահն ասում է, որ իրենք ուշադիր են հատկապես բարձր կենտրոնացվածության  շուկաներ ներկայացնող  ապրանքատեսակների նկատմամբ։

«Դա ալյուրի, ցորենի շուկան է, բենզինի շուկան է, այն շուկաները, որտեղ կան սահմանափակ թվով տնտեսվարողներ, որտեղ կենտրոնացվածության աստիճանը բարձր է։ Այս շուկաներում մրցակցության տեսանկյույից բնականաբար հնարավոր են ռիսկեր, և գտնվում են մեր հսկողության տակ»,- ասում է Արտակ Շաբոյանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button