ԿարևորՔաղաքական

Վարույթ է ընդունվել Վարդգես Գասպարիի դիմումը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն որոշել է վարույթ ընդունել Վարդգես Գասպարիի դիմումը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ: Հարցով զեկուցող է նշանակվել հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հանձնաժողովը կքննարկի քաղաքացու դիմումն ու իր որոշումը կկայացնի 30 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Գասպարիի դիմումն առնչվում է հունիսի 21-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին: «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ողբերգությունից հետո կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Գասպարիին է մոտեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, խլել պաստառը, իսկ պատգամավորին ուղեկցող անձը նրան գետնին է տապալել։
Հիշեցնենք նաև, որ սա առաջին հարցն է, որը էթիկայի հանձնաժողովը քննության առարկա է դարձնում:

Մինչ այս հանձնաժողովին ներկայացված երկու դիմումները մերժվել են: Պատասխանելով հարցին, թե որ հանգամանքներն են հիմք տվել հարցը քննության առարկա դարձնելու համար, հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ասել է :

«ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված են դիմումը մերժելու հիմքերը: Այս դեպքում հանձնաժողովը որոշել է, որ մերժման հիմքերը բացակայում են և որոշում է կայացրել սկսել դիմումի քննությունը»:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կողմից էթիկայի կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում հանձնաժողովը համապատասխան որոշում կկայցնի և այն կներկայացնի խորհրդարանին:
ԱԺ մշտական հանձնաժողովներն այսօր սկսել են 2011 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը: Նախորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի կատարողականն, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, խորհրդարանը պետք է քննարկեր գարնանային նստաշրջանի ընթացքում, ինչը չի հասցրել անել խորհրդարանական ընտրություններով տրված դադարի պատճառով:

Ինչևէ, նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանն արդեն ձեռնամուխ է եղել նոր գումարման խորհրդարանը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում փաստաթուղթը կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովներում, ապա՝ քառօրյա նիստերի ընթացքում: Նախորդ տարվա բյուջեի կատարման հիմնական ցուցանիշերն այսօր խորհրդարանում ներկայացրել է կառավարության ղեկավարը: 2011-ը Հայաստանի համար տնտեսական վերականգնումն ամրագրող տարի էր ՝ պատգամավորներին ասել է Տիգրան Սարգսյանը:

***

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է հաստատել 2011 թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Թե եկամուտների, թե ծախսերի մասով հիմնական ցուցանիշերը կատարվել են, նաև տնտեսական վերականգնման համար բարենպաստ պայմաններ ձևավորել: Այսօր խորհրդարանում բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները ներկայացնելով ՝ կառավարության ղեկավարը 2011-ը Հայաստանի համար բեկումնային տարի որակեց:

«Կարող ենք արձանագրել, որ 2011-ը բեկումնային էր. մեզ հաջողվեց էապես նվազեցենել գնաճի ցուցանիշը, ունեցանք տնտեսական աճի 2010-ի ցուցանիշը 2 անգամ գերազանցող ցուցանիշ»:

Բյուջեի կատարողականը ներկայացնելով՝ Տիգրան Սարգսյանը խոսեց բացառապես դրական միտումների մասին: Ըստ վարչապետի՝ 2011-ին հաջողվել է բարելավել հարկահավաքման գործընթացն ու հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, մեղմել գնաճը, մասնավորապես 2011 թ. մարտ ամսվա ամենաբարձր գնաճային կետից ՝ 11.6 տոկոսից տարեվերջին հասցնել 4.7 տոկոսի, և վերջապես արձանագրել 4.7 տոկոսանոց տնտեսական աճ, որը 2 անգամ գերազանցում է 2010-ի՝ անկում արձանագրող ցուցանիշը:

Ներկայացնելով իրավիճակն ըստ ոլորտների ՝ վարչապետը կրկին միայն դրական միտումների մասին խոսեց: Արդյունաբերությունն, ըստ կառավարության ղեկավարի, 2011 թվականին աճի բարձր տեմպեր դրսևորեց` նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով մոտ 13 տոկոսի աճ: Գյուղատնտեսությունը նույնպես, 2010 թվականի աննախադեպ անկումից հետո 2011-ին մոտ 14 տոկոսանոց ապահովեց:

Ցուցանիշների կատարումն, ի դեպ, ըստ Տիգրան Սարգսյանի, հնարավոր եղավ ոչ միայն կառավարության վարած քաղաքականության, այլ նաև ԱԺ-ի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ:

2011 թվական պետական բյուջեի կատարման արդյունքները առաջիկա ողջ շաբաթվա ընթացքում դեռ մանսրամասն կքննարկվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում, ապա՝ ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում: Մինչ այդ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ինչպես է խորհրդարանական մեծամասնությունը վերաբերվում միայն դրական երևույթների մասին խոսելու և որևէ բացասկան միտումի չանդրադառնալու մարտավարությանը:

«Իմ կարծիքով՝ բնական է, որ ցանկացած կառավարություն պետք է նախ ներկայացնի, թե ինչի է հասել: Իսկ թե ինչի չի հասել, այդ մասին այնքան է խոսվել մեր ընդդիմախոսների և հենց իշխող քաղաքական ուժի կողմից: Ապացույցը կառավարության վերջին նիստն է, պարզ խոսվեց բացասականի մասին, արդեն կան նաև պաշտոնանկություններ»:

[pro-player width=’530′ height=’30’ type=’video’]http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/09/240912aj.mp3

Թողնել պատասխան

Back to top button