ԿարևորՄշակույթ

Մեկնարկում է Վերադարձի դասական երաժշտության փառատոնը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Փառատոնաշատ դարձած Երեւանում այսօր մեկնարկում է հերթական փառատոններից մեկը: Արդեն 6-րդ անգամ կազմակերպվում է Վերադարձի դասական երաժշտության փառատոնը, որն այս անգամ «վերադարձի» է բերել ոչ միայն մեր հայրենակից երաժիշտներին, ովքեր ապրում եւ ստեղծագործում են արտերկրներում այլեւ՝ օտարերկրացիների: Նրանցից մեկին՝ «Իսրայել Կամերատա Երուսաղեմ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, մաեստրո Ավներ Բիրոնին հանձնարարվել է իրականացնել փառատոնի բացման արարողությունը: Ի դեպ՝ այս փառատոնը իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

Իսրայելցի դիրիժոր, մաեստրո Ավներ Բիրոնը միշտ ցանկացել է գալ Հայաստան եւ նրա համար շատ կարեւոր է ելույթներ ունենալ Հայաստանում:

Մաեստրոն խոստովանում է. մանկուց իր ծնողներից լսել է, որ հայերն ու հրեաներն ունեն շատ ընդհանրություններ: Երկու ազգն էլ վերապրել է մեծ աղետ, բայց հայերը, զարմանալիորեն, ուժ են գտնում իրենց ավանդն ունենալ միջազգային արվեստում: Չցանկանալով խառնվել քաղաքականությանն ու պետական գործերին, Ավներ Բիրոնը ամեն դեպքում այսօր հայտարարեց.

«Ինձ համար տհաճ է եւ ես ամաչում եմ իմ կառավարության համար, որ ինչ-ինչ սեփական շահերից ելնելով չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել եւ ճանաչել հայերի աղետը»:

Մաեստրոն բացատրեց, որ այս դեպքում «աղետ» բառը օգտագործում է ոչ թե իրողությունը մեղմելու համար, այլ պարզապես՝ իվրիտում «գենոցիդ» բառ որպես այդպիսին գոյություն չունի: «Աղետը» այդ լեզվում արտացոլում է ավելի լուրջ իրադարձություն, քան ասենք՝ ավնոմեքենաների վթարն է:  Վերադառնալով բուն իրադարձությանը, որն իրեն առաջին անգամ բերել է Հայաստան, մաեստրոն նշեց, որ այսօր մեկնարկող փառատոնի բացման արարողությանը որոշել է հանդիսատեսին ներկայացնել մի քանի անակնկալ:

Դրանցից մեկը՝ Յոզեֆ Հայդնի բավականին բարդ սիմֆոնիաներից մեկն է, որը գրեթե երբեք աշխարհում չի կատարվում: Իսրայելցի դիրիժորը խոստովանեց, որ այսօր իրեն տրվել է մի արտոնություն՝ նվագել Լեւոն Մուրադյանի հետ: Ի դեպ՝ Վերադարձի փառատոնը արդեն երկրորդ անգամ Հայաստան է «վերադարձնում» թավջութակահար Լեւոն Մուրադյանին, ով ապրում, ստեղծագործում եւ դասավանդում է Պորտուգալիայում: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրը նվագում է Մատտեո Գոֆրիլերի աշխատանքը հանդիսացող 18-րդ դարի թավջութակով:

Ի դեպ՝ փառատոնի կազմակերպիչները պնդում են, որ այսօր արդեն սխալ է կարծրատիպը, թե մարդիկ լսում են այն, ինչ թելադրում են: «Լսում են այն, ինչ իրենց առաջարկում են»,- ճշտում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը՝ գոհ լինելով երեւանյան հանդիսատեսից:

Թողնել պատասխան

Back to top button