ԿարևորՏնտեսական

Կարագի փոխարեն` սփրեդ

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր հանդես է եկել հերթական խոշոր խախտումների մասին բարձրաձայնումով: Պարզվել է, որ հանրապետությունում շուրջ 3 տասնյակ մանկապարտեզներում երեխաներին երկար ժաանակ տրամադրվել է անորակ սնունդ: Մասնավորապես, մանկապարտեզների տնօրենների իմացությամբ եւ մատակարար ընկերությունների խաբեության հետեւանքով երեխաները սնվել են ոչ թե կարագով, այդ կարագին թե գնով, թե որակով զիջող սփրեդով: Ընդ որում` պետական միջոցներից շատ այլ ծախսեր էլ վերագրվել են երեխաներին, ինչն ուղղակի զավեշտալի է:

Հերթական աղմկահարույց բացահայտումները` ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից: Հանձնաժողովը խոշոր խախտումներ է բացահայտել մանկապարտեզներին պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման եւ սնունդ մատակարարող տնտեսվարողների գործունեության մեջ: 2011թ. կտրվածքով հանրապետության ողջ տարածքում գործող բոլոր 575 մանկապարտեզների սննդամթերքի գնումների ուսումնասիրությունները փաստել են ոչ միայն մրցութային կանոնների խախտման, այլեւ խաբեության տասնյակ դեպքեր: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն 1800-2000եւ ավելի դրամ արժեցող կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են 1000-1200 դրամ արժեքով բուսասերուցքային խառնուրդ` սփրեդ կամ մարգարին, ինչը որակով էականորեն զիջում է կարագին:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ընդգծեց, որ այս հարցն իր խորքում նաեւ պետական գնումների խնդիր ունի:
Ավելին, որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է, օրինակ, սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան եւ մսի պահածոներ, կծու պղպեղ եւ այլն: Շատ մանկապարտեզներ սննդի ձեռքբերման համար ոչ մի մրցույթ չեն հայտարարել եւ ձեռք են բերել մթերք որտեղից պատահի եւ ումից պատահի:

Հարցին, թե ում թերի վերահսկողության հետեւանքով է այս վիճակը ստեղծվել, Շաբոյանը պատասխանեց, որ մանկապարտեզները համայնքային ենթակայության հիմնարկներ են: Շաբոյանը, սակայն, խնդիրների մի մասը վերագրեց նաեւ օրենսդարական բացերին` նշելով, որ մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված սննդի կազմակերպման կարգը թերի է:

Մանկապարտեզներում արձանագրված խախտումների համար շուրջ երեք տասնյակ տնտեսվարողներ տուգանվեցին իրենց տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով: Դա օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափն է: ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաեւ բոլոր այն պետական մարմիններին, որոնց կարգավորման դաշտում գտնվում են վերոնշյալ խնդիրները:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button