Հասարակություն

Ճշմարտությունը ծնվում է բանավեճի ընթացքում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ավագ սերունդը հին մտածելակերպով իր տեղը պետք է զիջի երիտասարդությանը: Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում հնարավորություն է տրվում հայ երիտասարդներին շփվել կայացած երկրների երիտասարդության հետ, ընդօրինակել հարցերին վերաբերվելու եվրոպական մոտեցումը: Փոխարտգործնախարար Շավարշ Քաչարյանն այսօր ողջունել է դպրոցին նոր ուսումնական տարին սկսելու առիթով ու հաջող ընթացք մաղթել:

Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի նոր ուսումնական տարին առիթ է ևս մեկ անգամ խոսելու դպրոցի նշանակության ու շրջանավարտների մասին: ԱԺ պատգամավորներ, մարզպետեր, դիվանագետներ, պետական համակարգում աշխատողներ, գործարարներ, լրագրողներ:

Դպրոցը գործում է 8 տարի և ուսումնառության ընթացքում դասախոսություններով են հանդես գալիս ԵԽ-ի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Սորբոնի, Ստրասբուրգի, Փարիզի համալսարանների դասախոսներ, նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ ու պատգամավորներ:

Սեմինարների ընթացքում ակտիվ քննարկման թեմաներ են դառնում քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերը: Արդյունքում շրջանավարտները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիներ, հմտություն տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու համար:

ՔԴԵԴ- շրջանավարտները հետագայում իրենց նպաստն են բերում Եվրաինտեգրման, պետականաշինության, ժողորդավարական արժեքների ամրապնդման ու տարածման հարցերում: Եվրոպայի խորհրդի քաղաքականության ծրագրավորման տնօրեն Պյոտոր Սվիտալսկին վկայեց, որ համակարգում գործող 16 դպրոցների շարքում երևանյան դպրոցը լավագույններից:

«Վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, բոլորն ասում են, որ Եվրոպայում ժողովրդավարությունը դժվարի շրջան է ապրում: Շատերն ասում են, որ եվրոպայում գոյություն ունեցող ճգնաժամը վստահության ու ժողովրդավարության ճգնաժամ է: Եթե դա այդպես է, ապա նշանակում է քաղաքական երկխոսության եվրոպական կայացած ու հասուն մշակույթը մեծ նշանակություն ունի ամենուրեք, դրա համար խիստ արդիական է դպրոցի գործունեությունը»:

Այսօր ավելի հրատապ է դպրոցի գոյությունը, և պետք է ընդլայնել դպրոցի գործունեության աշխարհագրությունը: Այն հնարավորություն է տալիս քննադատաբար վերաբերվել առաջարկներին, ավելացրեց Պյոտոր Սվիտալսկին:

Խոսելով դպրոցի արդյունավետության մասին փոխարտգործնախարար Շավարշ Քաչարյանը նշեց, որ տարբեր տեսեկետներ ու քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ ազատ բանավիճում են ու ընկերություն անում, իսկ դա նշանակում է, որ դպրոցում հանդուրժողականություն է տիրում.«Ով հանդուրժող է, նա ուժեղ է, ատելությունը թուլություն է»:

Ճշմարտությունը ծնվում է բանավեճի ընթացքում. Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում գործում է հենց այս սկզբունքը:

 

Թողնել պատասխան

Back to top button