Մշակույթ

Ժամանակակից արվեստի փառատոն` Շուշիում

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

2012 թ. հոկտեմբերի 1-14-ը Շուշիում կայանալու է ժամանակակից արվեստի փառատոն, որին մասնակցելու են ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ` Հայաստանից և Սփյուռքից: Կազմակերպվելու է նաև տեղի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություն:

Ծրագրում ներառվելու են ժամանակակից արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսանկարչությունը, վիդեոարթը, լենդ-արթը, ինստալացիա և այլն:

Հայաստանի, Արցախի և Սփյուռի արվեստագետների մասնակցությամբ` Շուշի Արվեստի նախագիծը հայկական հնամյա բերդաքաղաքը օրեր անց կվերածի ժամանակակից արվեստի կենտրոնի: Երկու շաբաթ` հոկտեմբերի 1-14-ը, Շուշիում կկազմակերպվի իր ձևի ու տեսակի մեջ յուրօրինակ փառատոն. քաղաքի ամբողջ տարածքը կվերածվի մեծ արվեստանոցի. 20 արվեստագետներ տեղում կստեղծագործեն: Նրանց աշխատանքների մեծ մասը հետագայում մշտապես կցուցադրվի Շուշիում: «Նախագծին մասնակցելու համար Արցախ կմեկնեն Ամերիկայում և Շվեդիայում բնակվող 10 արվեստագետներ, ևս տասը հայտնի անուններ նրանց կմիանան Երևանից և Գյումրիից», հայտնեց նախագծի հեղինակ Հերրի Որբերյանը:
­­­­
Հերրի Որբերյանը նշեց, որ մեկ այլ` ոչ պակաս կարևոր նպատակ Հայաստանի և Սփյուռքի արվեստագետներին միմյանց ծանոթացնելն ու նրանց միջև կապ ստեղծելն է: Նախագծին միացած արվեստագետներից շատերն առաջին անգամ են մեկնելու Արցախ: «Նրանց բոլորի համար Շուշիում ստեղծագործելը նշանակում է ներշնչվել ու արարել հայրենի հողի և երբեմնի մշակութային կենտրոնի հզոր էներգետիկայով», ասում է արվեստագետ Վաչագ Տեր-Սարգսյանը:

Շուշի Արվեստի նախագծի հեղինակները նախատեսում են ժամանակակից արվեստի տոնը կրկնել երկու տարվա պարբերականությամբ: Առաջին նախաձեռնությունն անվանել են Հող և Տեխնոլոգիա: Իրենց գործերով արվեստագետները կփորձեն շեշետել սեփական հողի նկատմամբ պատկանելության հաստատուն զգացումը` տեխնոլոգիաների զարգացմամբ արագ փոփոխվող աշխարհում: Լուսանկարիչ Արա Օշականն ամբողջ ամառ Շուշիում նախապատրաստել է ներկայացնելիք աշխատանքը.

Կազմակերպիչները վստահ են, որ նախագիծը կկայանա և ամեն անգամ կընդայնի մասնակիցների և այցելուների թիվն ու աշխարհագրությունը: Դա են վկայում առաջին նախաձեռնության բուռն արձագանքները», ասում է նախագծի հեղինակ Հերրի Որբերյանը:

Թողնել պատասխան

Back to top button