ՀասարակությունՎերլուծական

Աշոտ Մելքոնյան.«Անկախությունը աստվածային շնորհ է»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Այսօր տոնում ենք Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:

3-րդ հանրապետության կյանքի կոչվելն ու 21-ամյա գոյությունը խոսում է այն մասին, որ մենք որպես ազգ վերջնականպես նվաճել ենք անկախ ապրելու հոգեբանությունը, ռադիոլուրի հետ զրույցում ասել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Անկախ պետականության հաստատման գործընթացի փաստացի հիմքը դրվեց 1990թ. օգոստոսի 23-ին` Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում Անկախության հռչակագրի ընդունմամբ: Հայաստանի Գերագույն խորհրդի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու որոշումն ամրագրվեց համաժողովրդական հանրաքվեով: 1991թ. սեպտեմբերի 21. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանարապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս». այս հարցով հանրաքվեին այո ասաց ընտրողների 94,99%-ը: Համաժողովրդական քվեարկության արդյունքների հիման վրա էլ սկսվեց անկախ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանը:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը երեք հանրապետությունները մեկ ընդհանուր շղթայի մեջ է դիտարկում:

Նրա դիտարկմամբ` անկախության 21 տարիների ընթացքում չենք կարողանում ընկալել մի շատ կարևոր խնդիր` անկախությունը մեզ հենց այնպես, որպես պարգև չի տրվել: Դա մի դժվարագույն ճանապարհ էր, որ անցավ մեր ժողովուրդը: Շատերի կարծիքով` 91-ին մենք պատրաստ չէինք այդ անկախությանը, սակայն իրականում կային ուժեր, հասարակական շերտեր, որոնք մեծ դժվարությամբ, բայց կարողացել են նախապատրաստել այդ անկախությունը:

Ոչ թե սկուտեղի վրա մատուցվեց, ինչպես ոմանք են ասում ու պատկերացնում: Անկախության գաղափարին ուղղակիորեն հանգեցնում էր Արցախյան ազատագրական պայքարը, ասում է Աշոտ Մելքոնյանը` նկատելով. իրողություն դարձած ոչ մի գաղափար առանց նախապատմության չի լինում, ինչպես որ չի եղել 1914 թվականին: Պատմաբանը հիշեցնում է, որ այն ժամանակ ձևավորված կամավորական շարժումը, Արևմտյան Հայաստանի ազատագրումը, այնտեղ հայոց պետականության վերականգնման մասին խոսակցություններն ու Վանի նահանգային վարչության շրջանակներում Արամ Մանուկյանի գործունեությունն էին, որ նախապատրաստեցին 1918 թվականի մայիսը` թե գործանականորեն, թե հոգեբանորեն:

Հայաստանի երրորդ հանրապետության ամենամեծ ձեռքբերումն Աշոտ Մելքոնյանը համարում է հայոց բանակը, լրջագույն քաղաքական խնդիրը` երբեմն պետական մտաժողության բացակայությունը` հասարակության որոշ շերտերի, անգամ` պետական որոշ կառույցներում: Բայց 3-րդ հանրապետության կյանքի կոչվելն ու 21-ամյա գոյությունը խոսում է այն մասին, որ մենք որպես ազգ վերջնականպես նվաճել ենք անկախ ապրելու հոգեբանությունը:

Անկախության` որպես բացարձակ արժեքի ընկալումը մեզանում կա ու հատկապես վառ է արտահայտված երիտասարդության շրջանում: Աշոտ Մելքոնյանն անկախությունը աստվածային շնորհ է համարում, երկարատև ընդմիջումից հետո պետականությունը վերականգնելու` նախորդ դարավերջին մեզ տրված շանս:

Թողնել պատասխան

Back to top button