ՀասարակությունՎերլուծական

Ֆիլմը սադրանք էր արաբական աշխարհի դեմ. արեւելագետ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի առաջացրած արձագանքներին ու դրանց հնարավոր հետևանքներին են այսօր անդրադարձել արևելագետները: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը համոզված է, որ ֆիլմի ստեղծումն ու տարածումը սադրանք էր՝ ուղղված արաբական աշխարհում իրավիճակն էլ ավելի սրելուն: Թե ով է սադրիչը, արևելագետը հստակ չի նշել, ասելով՝ թե շատ են կողմերը, որոնք կարող են իրավիճակից օգուտներ քաղել: Ի դեպ, արաբական թեմայի քննարկման շրջանակներից դուրս չի մնացել նաև երեկ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը՝ Հայաստան թալիբների մուտք գործելու մասին:

Արևելեգատենրեը չեն կասկածում, որ երեկ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը՝ Հայաստան թալիբների մուտք գործելու մասին, ապատեղեկատվություն էր: Թե ում էր ձեռնտու կամ ինչ փնտրել այս երևույթի հետևում, դժվարանում են ասել: Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կառույցները պետք է հետամուտ լինեն պարզելու այս տեղեկատվության աղբյուրը:

«Առնվազն երկու պատճառով. նախ՝ չկարգավորված հակամարտության , շրջափակման մեջ գտնվող պետության համար նման տեղեկատվության տարածումը կարող է լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ, երկրորդ՝ նման տեղեկությունները հարվածում են նաև Հյաստանի միջազգային վարկանիշին»:

Արևելագետներն անդրադարձան նաև մուսուլմանական աշխարհին զայրացրած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին: Այն սադրանք էր՝ ուղղված արաբական աշխարհին` կարծում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Ֆիլմի ստեղծման ու տարածման նպատակն, ըստ նրա , մուսուլմանական աշխարհում առանց այդ էլ լարված իրավիճակն առավել սրելն ու հրահրելն է:

«Սադրանք էր, քանի որ ֆիլմն ուներ արաբական թարգամանություն և փաստացի ուղղված էր արաբական լսարանին: Բացի այդ, կրկին մուսուլմանական աշխարհի ընկալումներին անհարիր ձևով է ներկայացվում Մուհամեդ մարգարեի կերպարը»:

Արաբագետի խոսքով, հատկանշական է նաև այն, որ ֆիլմի արաբերեն թարգմանությունն ի հայտ եկավ հենց սեպտեմբերի 11-ին՝ Ամն-ում 12 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման օրը: Վերլուծաբանի խոսքով՝ Մուհամմեդ մարգարեին արևմուքտը նախկինում էլ, օրինակ ծաղրանկարների տեսքով, անդրադարձել է, բայց մուսուլմանական աշխարհն այլ կերպ է դրան արձագանքել, իսկ այժմ արձագանքն առավել քան հստակ ու վճռական է:

«Արևմուտքը պետք է գիտակցի, որ այս տարածաշրջանն այլևս այնպիսին չէ, ինչպիսին էր մինչև արաբական գարունը: Այսօր մուսուլմանական լայն զանգվածները հասկանում են, որ կարող են ներազդել իրադարձությունների վրա»:

Ի դեպ , Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին այսօր հայտարարությամբ անդրադարձել է նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհուրդը:
«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսևորումների ու բռնարարքների, որոնց հետևանքով եղան մարդկային զոհեր: Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երևույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության և խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձևավորմանը», նշվում է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Back to top button