Հասարակություն

Պետական բարձր պարգևներ`ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած բազմաթիվ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:

Անկախ Հայաստանը 21 տարեկան է: Երկու տասնամյակի ընթացքում ունեցել ենք հաղթանակներ, առկա խնդիրները լուծելու գործում հետևողական քայլեր, արձանագրվել են նաև բացթողումներ ու հաճախ նաև շտկումների կարիք է զգացվել: Յուրաքանչյուրը թերևս յուրովի գնահատի ձեռք բերված անկախության տարիները` առաջընթացը կամ սխալները:

Հանրապետության նախագահը տոնի առթիվ միայն գնահատում ու արժևորում է իրենց գործում աչքի ընկնող երախտավորներին:
100-ից ավելի արժանիներ տարբեր ոլորտներում աշխատողներ նախագահի կողից արժանացան շքանշանների, մեդալների, պատվոգրերի, կոչումների ու շնորհակալական խոսքերի:

«Այս պարգևները ձեր ազնիվ աշխատանքի և անձնվեր ծառայության արձանագրումն են, ինչպես նաև մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունը», — ջերմորեն շնորհավորելով ներկաներին` ասաց նախագահ Սերժ Սարգսյանը.«Մեր ձգտումն է, որ Հայաստանում յուրաքանչյուրն իր տեղում աշխատի այնպես, ինչպես դուք եք աշխատում։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ պարագայում մեր երկիրը ինչպիսի տեմպերով կարող է զարգանալ: Պետական բարձր պարգևների և կոչումների իմաստը ես այստեղ եմ տեսնում. ի ցույց դնել հանրությանը նրանց, ովքեր իրենց գործով ու կերպարով ամեն օր ապացուցում են շատ կարևոր ճշմարտություններ թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատին, և թե՛մեր ողջ հասարակությանը»։

Մենք ապացուցելու շատ բան ունենք և պարտավոր ենք ապացուցել, որ ունակ ենք ոչ միայն պաշտպանվել արտաքին թշնամուց, այլև արդյունավետորեն կազմակերպել մեր պետական ու հասարակական կյանքը՝ հանրային ծառայություններից մինչև տնտեսություն, արդարադատությունից մինչև կրթություն ու առողջապահություն, իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանն ընդգծելով, որ խաղաղություն պահպանելու համար պետք է ուժեղ լինել.

«Մենք պարտավոր ենք շատ բան ապացուցել թե՛ մեզ, թե՛աշխարհին։ Ոմանց այս արտահայտությունը կարող է շատ հավակնոտ թվալ, բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր ուժեղ կամ թույլ լինելուց է կախված ոչ միայն մեր կենցաղը, այլև տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Կախված են շատ բաներ, որոնք բխում են առանցքային այդ բառից՝ խաղաղություն։
Սիրելի՛ պարգևատրվածներ,
Դուք հենց այն մարդիկ եք, որոնցով մեր ժողովուրդն ու երկիրը դառնում են ավելի հասուն, ավելի զարգացած, մեծ հաշվով՝ ավելի ուժեղ ու անխոցելի, և հայրենիքը շնորհակալ է ձեզ դրա համար»։

Նախագահի շնորհավորական խոսքն ու պարգևատրումները պարտավորության զգացում էին առաջացրել ներկաների մոտ.
Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Սալոնիկ Ջահանգիրյանն արժանացել է Մովսես Խորենացու անվան մեդալի.

Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը նախագահի կողմից արժանացավ պատվո շքանշանի.«Մեծ ուրախություն էր, այնպիսի իրադարձություն էր, հիանալի րոպեներ ապրեցինք: Ինձ համար լրիվ անսպասելի էր, որ իմ գործունեությունը նման բարձր գնահատման կարժանանա: Չեմ թաքցնում իմ մեծ ուրախությունը: Այսօրվա օրը իմ, այլև բոլոր ներկաների համար կհարժան կլինի ողջ կյանքի ընթացքում»:

21 ամյա անկախ Հայաստանը ուժերի ծաղկուն շրջանում է, իսկ գնահատված լինելն առավել կնպաստի, որպեսզի յուրաքանչյուր իր գործում ավելի նպաստի մեր երկրի կայացմանն ու կայունությանը:

 

Թողնել պատասխան

Back to top button