Տավուշի մարզում համակարգիչներով չապահովված դպրոցներ այլեւս չեն լինի


Տավուշի մարզում մեկնարկել է լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում 19 քաղաքային եւ 53 համայնքային դպրոցի կնվիրաբերվի համակարգչային տեխնիկա եւ գույք: Նախաձեռնությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամինն է` Հայաստանում Հնդկաստանի դեսպանության եւ «Վարդանյաններ» ՍՊԸ-ի հետ համատեղ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այսօր տեղեկացրել է, որ Հնդկաստանի կառավարության հետ ներկայում քննարկվում է մեկ այլ խոշորածավալ ծրագիր եւս, որի մասին տեղեկություններ հաղորդելը նա վաղ է համարել:
Ներկայում Տավուշի մարզում գործող 82 հանրակրթական եւ հիմնական դպրոցներից միայն 10-ում կան բավարար թվով համակարգիչներ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը խնդրի լուծման նպատակով 2011թ. հոկտեմբերին Հնդկաստանի կառավարության հետ կնքել է հուշագիր` Տավուշի մարզի դպրոցների համակարգչային վերազինման վերաբերյալ: Հիմնադրամը նախապես հոգացել է նաեւ ուսուցիչների վերապատրաստման խնդիրները:
Հնդկաստանի կառավարության հովանավորությամբ դպրոցներին կնվիրաբերվի 550 համակարգիչ եւ 72 տպիչ:
Իսկ համակարգիչների տեղադրման եւ ինտերնետ կապի ապահովման նպատակով Հայաստան կժամանեն հնդիիկ մասնագետներ: Մինչեւ սեպտեմբերի վերջ համակարգչային տեխնիկան 2 խմբաքանակով կհասնի Հայաստան: Իսկ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների համակարգչային դասասենյակների կահավորումը հովանավորվել է «Վարդանյաններ» ՍՊԸ-ի կողմից` հանձին հիմնադրամի բարերար Միքայել Վարդանյանի: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյան:
«Սա երկրորդ ծրագիրն է, որը հիմնադրամն իրականացնում է Հնդկաստանի կառավարության հետ համատեղ: Առաջին ծրագրի շրջանակներում 2 տարի առաջ հիմնովին վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցը: Սա վերջին ծրագիրը չէ: Արդեն հնդկական կողմի հետ սկսել ենք բանակցել երրորդ ծրագրի շուրջ»:
Վերջին 3 տարվա ընթացքում համահայկական հիմնադրամի ծրագրերի գերակա մասն իրականացվում է հենց Տավուշի մարզում: Այս նախաձեռնության արդյունքում Տավուշի մարզում համակարգիչներով չապահովված դպրոցներ այլեւս չեն լինի:
Ծրագրի արդյունքում 16 հազար 183 աշակերտ կարող է ստանալ համակարգչային պատշաճ գիտելիքներ: Դպրոցական բոլոր ծրագրերի դասավանդումն այսուհետ առավել բարձր մակարդակով կիրականացվի: