ԿարևորՄշակույթ

«Ոսկե ծիրան»-ի չինական տրամադրությունները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հանդիսավոր արարողությամբ երեկ մեկնարկեց ամառային Երևանի մշակութային գլխավոր իրադարձությունը՝ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը։

Մինչև հուլիսի 14-ը կինոսմաններն ու կինոգործիչները միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները դիտելու բացառիկ հնարավորություն կունենան։ Իրենց ֆիլմերի հետ այս օրերին Երևանում են հետաքրքիր ռեժիսորներ աշխարհի տարբեր երկրներից։

«Ձմռան վրա ձմեռ» ֆիլմով «Ոսկե ծիրան» կինոփառատոնում առաջին անգամ ներակայանում է չին ռեժիսոր Ծյան Սին։

Չին ռեժիսոր Ծյան Սինի «Յոթ օր» առաջին խաղարկային ֆիլմը  2015 թվականին Մոնրեալի աշխարհի  ֆիլմերի կինոփառատոնում մրցանակի է արժանացել լավագույն գեղարվեստական ներդրման համար։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ռեժիսորը ներկայացնում է իր «Ձմռան վրա ձմեռ»  ֆիլմը։

«Ֆիլմի սյուժեն հետևյալն է. 1945 թվականին  Ճապոնիայի կողմից բռնազավթված   հյուսիսարևելյան  Չինաստանում  մի ընտանիք  ձգտում է շարունակել իր տոհմը։ Ընտանիքի միակ կին անդամը համրացել է ճակատագրի հարվածներից՝ սպասելով ավելի լավ ապագայի»։

Ֆիլմում չկան խոսքեր, ինչը խորհրդանշում է կնոջ լռեցված ձայնը հասարակության մեջ։ «Թվում է, թե խնդիրը հեռու-հեռավոր ժամանակներին է առնչվում, բայց   այն այսօր էլ արդիական է։ Չինաստանի բազմաթիվ բնակավայրերում կնոջ կարգավիճակը մեր օրերում էլ ստորադասվում է»,-ասում է ռեժիսորը։

Այնուամենայնիվ,  ինչպես նշում է ռեժիսորը, ֆիլմը կնոջը դիտարկում է ընդհանրական հայացքով. այն ցույց է տալիս  կնոջ սերը, հոգու շռայլությունը, ինչը բնորոշ է աշխարհի բոլոր կանանց՝ անկախ աշխարհագրությունից։ Հեղինակային  կինոյի ուղին բռնած երիտասարդ ռեժիսորը խոստովանում է. «Չինական կինոյի ասպարեզում սա բարդ ուղի է, չնայած ընդհանուր առմամբ, կոմերցիոն կինոն իմ երկրում վատ չի զարգանում»։

«Հեղինակային կինոն ոչ միայն ֆինանսական խնդիրներ ունի, այլև պրոֆեսիոնալ կադրերի պակասի։ Կինոյի այս տեսակն ընդհանրապես դժվարությամբ է հարթում իր ճանապարհը ամբողջ աշխարհում»,-նկատում է չին ռեժիսորը։ Նրա «Ձմռան վրա ձմեռ»  ֆիլմն, ի դեպ, հիմնականում սևի և սպիտակի մեջ է։ Ինչպես ասում են ֆիլմ՝ առանց ռետուշի։

Լուսանկարները՝ Ոսկե ծիրանի բացման արարողությունից

Back to top button